Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից – Aybnews
Նորություններ

Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Արաքսյա Սվաջյանը Երևանի թիվ 92 մանկապարտեզից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ մանկապարտեզի սաները կապված են աթոռների վրա։

ArmDaily.am-ը պարզաբանման խնդրանքով դիմեց մանկապարտեզին, որտեղից մեր հարցին ի պատասխան հայտնեցին. «Լուսանկարների հիապարակմանը տեղյակ ենք, որպեսզի ավելի կոնկրետ և գրագետ ինֆորմացիա ունենաք, կարող եք գալ մանկապարտեզ ծանոթանալ իրավիճակին, աշխատակիցներին, բժիշկներ կան հատուկ, զանգահարեք բժիշկներին, իրենք ձեզ ամեն ինչ կասեն, այնպես որ հանգիստ եղեք, որևէ խնդիր չկա»։

Հարցին՝ տեղեկությունը չի՞ համապատասխանում իրականությանը՝ գործավարուհին նշեց. «Սա ոչ թե ապատեղեկատվություն է, այլ չիրազեկված լինել է։ Խմբերը հատուկ խնդիրներ ունեցող բալիկների համար են, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ, այսքանը կարող եմ ասել»։

Նշենք, որ Արաքսյա Սվաջյանը լուսանկարներին կից գրել էր. «Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով,սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության եւ ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որեւէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ մասնագիտացված Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ սա արդեն չափից ավելի է։

Որպես մասնագետ չեմ կարող լռել եւ չբարձրաձայնել Երեւանի թիվ 92 մանկապարտեզում այսպես կոչված նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին։ Ես որպես մասնագետ պնդում եմ, որ երեխային կապելը կամ բռնի ուժով որեւէ բան պարտադրելը ոչ միայն չեն նպաստում այս երեխաների զարգացմանը, այլեւ ոտնահարում են նրանց իրավունքները մի հաստատությունում, որն իբր թե ստեղծվել է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։

Կարծում եմ հարցին պետք է տալ հրատապ լուծում եւ պարզել իրականացվող աշխատանքների մյուս հետաքրքիր կողմերը, ինչպես ընդհանուր դաստիարակչական, այնպես էլ վերականգնողական ծառայությունների մատուցման տեսակետից։

Տխրությամբ ուզում եմ նշել նաեւ, որ հարցը չէի ցանկանում հանրայնացնել առանց այն էլ խոցելի ոլորտը առավել չխոցելու եւ այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին խնայելու նպատակով։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս ամենի մասին 10 օր առաջ տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարության փոխնախարարներից մեկին, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եւս մեկ անգամ համոզվեցի, որ առայժմ միայն հարցի հանրային քննարկումն է, որ կարող է լուծել հարցը»։

 

Վերեվ
error: Չի կարելիիի !!