Զբոսաշրջիկները շշի մեջ ուղերձ են գտել և երեք մարդու կյանք են փրկել – Aybnews
Աշխարհ

Զբոսաշրջիկները շշի մեջ ուղերձ են գտել և երեք մարդու կյանք են փրկել

Կալիֆորնիայի նահանգում ընտանիքը մնացել է ջրվեժի գագաթին և փրկվել է միայն ջուրը նետված ուղերձով շշի շնորհիվ։ Այս մասին հաղորդում է Washington Post պարբերականը։

Հուլիսին 44-ամյա Քարթիս Ուիթսոնը որոշել էր նավարկել Սալինաս գետով՝ իր սիրելիիի՝ Քրիսթալ Ռամիրեզի և 13-ամյա որդու՝ Հանթեր Ուիթսոնի հետ։ Երբ երրորդ օրը էքստրեմալները հասան երթուղու ամենավտանգավոր հատվածին՝ 12-մետրանոց ջրվեժի գագաթին, հայրը հանկարծ հայտնաբերեց, որ պարանը, որով պետք է ներքև իջնեին, անհետացել է։

Այդպիսով նրանք հայտնվել են անմարդաբնակ ձորում՝ առանց բջջային կապի։ Փրկության համար տղամարդը ծալովի դանակով փայտի վրա փորագրել է «Օգնեք մեզ» և ջուրն է նետել։ Սակայն փայտը շատ թեթև է եղել և գետով ներքև չի իջել։

Այդ ժամանակ ամերիկացին վերցրել է պլաստիկ շիշն ու մի քանի կողմերից վրան HELP բառը խազել։ Ներսում նա երկտող է դրել իրենց գտնվելու վայրի տվյալներով և ամսաթիվն է նշել։ Այս անգամ ուղերձը հոսանքով ներքև է սլացել։

Դրանից հետո Ուիթսոնները ցամաքի մի հատված են գտել, քարերով SOS բառն են կազմել և քնել են քնապարկերի մեջ։ Գիշերվա կեսին նրանց արթնացրել են փրկարարների բարձրախոսները. «Սա փրկարարների ջոկատն է, մենք ձեզ գտել ենք։ Մնացեք ձեր տեղում, առավոտյան ձեզ կտանենք»։

Շուտով նրանք իմացել են, որ իրենց ուղերձով շիշը երկու զբոսաշրջիկ են հայտնաբերել։ Նրանք կարդացել են գրությունը,կապվել են տեղի իշխանությունների հետ և ուղղաթիռներով սկսվել են որոնողական–փրկարարական աշխատանքները։

Ուղղաթիռի օդաչու Ջոն Քինգմանը նշել է, որ 23 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ է տեսնում, որ շշի միջի ուղերձը մարդկային կյանքեր փրկի։

Վերեվ
error: Չի կարելիիի !!